Մեր մասին

Արմնյուզ հեռուստաընկերություն

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը (ArmNews TV) հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև Youtube կայքի Armnews ալիքով։

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ:

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 2001թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ-ում բացվեց առաջին հայկական լրատվական հեռուստաընկերությունը: «Արմնյուզ»–ը հեռարձակումը սկսեց  39 դեցիմետրային հաճախականությամբ, երկար ժամանակ վերահեռարձակելով «Եվրոնյուզ»  լրատվական հեռուստաալիքի եթերը։

2011թ. նորացնելով տեխնիկական բազան և անցկացնելով լայնածավալ ռեբրենդինգ, հեռուստաալիքը հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագիր և նոր սեփական արտադրության հաղորդումներ։ Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ստանձնեց ալիքի լրատվական ծրագրի տնօրենի պաշտոնը։ «Արմնյուզ»–ի լրատվական թիմը չորս տարվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով Հայաստանում դարձավ հեռուստալրատվության լիդեր։

2012թ., «Արմենիա»  և «ATV» հեռուստաընկերությունների հետ «Արմնյուզ»–ը դարձել է «PanArmenian Media» գրուպի մաս։

2015թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարել է ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Այդ շրջանում հեռուստատեսությունը, փոխելով ֆորմատը, լրատվականից դարձավ երիտասարդական լրատվական–ժամանցային։

2019թ. փետրվարի 1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը առանձնացել է «PanArmenian Media» գրուպից և միացել «Քառյակ մեդիա» ընկերությանը՝ դարձյալ վերադառնալով ամբողջապես լրատվական հեռուստաֆորմատին։ Նոր հոլդինգում և նորացված հեռուստաֆորմատով «Արմնյուզ» հեռուստատեսության տնօրենը դարձել է հեռուստալրագրող Նարեկ Նիկողոսյանը։